(սկիզբը` այստեղ)
գ) «ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ»
Կազմողներ` Արտավազդ Զաքյան, Անի Սարգսյան, Սերոբ Հունանյան, Լիլիթ Կնյազյան, Լիլիթ Հախվերդյան, Աստղիկ Հակոբյան (2011 թ., 16 էջ ):
Այս գրքույկում նույնպես կրկնվում են նախորդ երկուսում առկա որոշ թերություններ: Վերոնշյալները մի կողմ թողնելով` նշենք միայն, որ այն, ցավոք, հագեցած է մի շարք սկզբունքային անճշտություններով ու զավեշտական խառնափնթորությամբ, կազմողների կատարյալ անիմացությամբ: Նշենք, որ այս գրքույկը «Վահանավանքյան ապոկրիֆ» դիպուկ վերնագրով մատենախոսել է Սյունյաց աշխարհի անցուդարձերին քաջատեղյակ մտավորական-մանկավարժ Ռ. Գրիգորյանը ¥«Սյունյաց երկիր», 15.12.2012¤ և կատարել մի շարք ճշգրտումներ։ Այս գրքույկին անդրադառնալով նշենք միայն.
1. Հայտնի չէ գրքույկը հրատարակող կազմակերպության անունը. գրքույկի շապիկի 4-րդ էջի ՊՈԱԿ-ի լոգոյի և անվան առկայությունը չի կարող փոխարինել հրատարակչի անվանը:
2. Հայտնի չէ նաև, թե այն որ թվականին է տպագրվել և որտեղ (Երևանո՞ւմ, Գյումրիո՞ւմ, Կապանո՞ւմ), ինչպես և բացակայում են գրքույկի բոլոր գրահրատարակչական ելքային (ծավալ, գրադարանային ցուցիչ, ISBN-ի համարը, էջահամարակալումներ և այլն) տվյալները: Մի խոսքով` 500-ամյա գրատպության պատմություն ունեցող երկրի գրահրատարակչական «արժանի գրքույկ»:
3. ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները (Ա. Հակոբյանից բացի)` բաժնի վարիչ Ա. Զաքյանի գլխավորությամբ, մտածել-մտածել են և Վահանավանքի 1100-ամյակը արժանավայել նշելու համար երկնել ու լույս աշխարհ են բերել «արտագրություն-գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ» սկզբունքը: Այստեղ ուղղակի պետք է «ողջունել» գիտության աշխարհ նոր-նոր ոտք դնող, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմության գծով գիտությունների թեկնածուի հայցվոր Ա. Զաքյանի «ակնառու հաջողությունները»: Այնպես որ, գրքույկի փոքրիկ` ընդամենը 2,5 էջ տեքստի կեսը արտագրվել է 1984 թ. հրատարակված Գ. Գրիգորյանի «Վահանավանք» բուկլետից: Եվ այդ տեքստի` գրքույկում 9 մասի բաժանված ու մի քանի նախադասություններ կազմող հատվածներից 8-ում առկա են մինչև անհեթեթությունների հասնող մասնագիտական ձևակերպումներ ու անճշտություններ, որոնք հատել են զավեշտի ու անգիտության սահմանները և ամենևին ներելի չեն մեր հուշարձանների պահպանության խնդիրներով զբաղվող բաժնին: Օրինակ.
ա) 1-ին տեքստում (էջ 5) նշվում է, որ «Ավելի քան 100 վարդապետ ունեցող այս մեծահարուստ վանքին…»: Այստեղ 100 վարդապետների ընկալումը ճիշտ չէ: Այն իրականում ունեցել է 100-ի հասնող ոչ թե վարդապետներ, այլ միաբանություն, հոգևորականություն, և այն այդպես էլ պետք էր արձանագրել:
4. Գրքույկի 7-րդ էջի 7 նախադասությունները ուղղակի «հանճարեղության փայլատակումներ» են: Օրինակ.
ա) Նշվում է, որ «1966 թ., երբ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով այստեղ սկսվեցին հնագիտական պեղումները»: Փաստի աղավաղում է և ճիշտ չէ: Հիշյալ հասարակական կազմակերպությունը թե՛ նախկինում, թե՛ այժմ լիազորություններ չի ունեցել և չունի հնագիտական պեղումներ կատարելու: Պարզապես այստեղ գրքույկի կազմողները չեն տարբերել պեղման աշխատանքները այդ ընկերության դրամական միջոցներով (պատվիրելու) և այն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից իրականացնելու հանգամանքները: Սա պարզապես հուշարձանների պահպանության գործի օրենսդրական պահանջների վատ իմացություն է:
բ) Ռեբուսային միտք ու կառուցվածք ունեն այդ տեքստի վերջին 4-6 նախադասությունները, որոնցից գլուխ հանելու համար ստիպված մեջբերում եմ ամբողջությամբ. «Խաչաձև հատակագծով, խաչագմբեթ այս տաճարը արևելյան խորանի աջ, ինչպես նաև արևմտյան որմնամույթերին կից ունի մեկական ավանդատներ: Հսկայական ժայռաբեկորներից կերտված բազմանիստ ատամնավոր քիվերի վրա վեր է խոյացել վեղարավոր թմբուկը… Եկեղեցին ունեցել է երկու մուտք. արևմտյան` գավթից և հարավային` սյունասրահից»:
Համենայն դեպս, մտքի ու մտածողության ճգնաժամի արդյունք համարվող այս տեքստին քրիստոնեական տեսք տալու համար պարզաբանենք, որ ոչ Վահանավանքի Ս. Գրիգորը և ոչ էլ հայկական որևէ գմբեթավոր հուշարձան չի ունեցել և չունի այնպիսի կառուցվածք, որը խաչագմբեթ լինի: Այնպես որ, գմբեթի հորինվածքի խաչաձև լինելու այսպիսի հասկացությունը աբսուրդային է:
Եկեղեցու արևմտյան կողմի ավանդատները կից են ոչ թե արևմտյան որմնամույթերին, այլ հենց արևմտյան պատին: Այնպես որ, հայոց ոչ մի եկեղեցական հուշարձաններում հնարավոր չէ ավանդատները կցել որմնամույթերին: Այստեղ, ինչպես սովորաբար ժողովուրդն է ասում, ազատություն է տրված ոչ միայն չափ ու քանակին, այլև մտքի ու անգիտության թռիչքին:
գ) Նույնը պիտի ասել նաև աբսուրդային այն անհեթեթության մասին, որն ազդարարում է, իբր Ս. Գրիգորի գմբեթը վեր է խոյանում «հսկայական ժայռաբեկորներից կերտված բազմանիստ` ատամնավոր քիվերի վրա»: Դե ինչ, հայ և առհասարակ աշխարհի ճարտարապետները պետք է սովորեն այս կարծիքի տեր «մասնագետներից», որ գմբեթաշինության մեջ այսպիսի արտասովոր բաներ էլ են լինում:
դ) Ոչ հստակ է նաև` «եկեղեցին ունեցել է երկու մուտք. արևմտյան` գավթից և հարավային` սյունասրահից» ձևակերպումը: Նախ այն մասին, որ ոչ թե ունեցել է, այլ ունի: Երկրորդն էլ` մուտքերի համար էլ պետք էր նշել շինության նրանց արևմտյան ու հարավային ճակատներում (կողմերից) գտնվելը, որոնք բացվում են գավթի և սյունասրահի մեջ:
5. Համալիրի Ս. Աստվածածին կրկնահարկ եկեղեցու (էջ 11) լեռնալանջի թեքության մոտ, ազատորեն` նրանից 3-4 մ հեռավորությամբ կառուցված եկեղեցին այստեղ «արևմուտքից հենված է լեռնազանգվածի բազկին», իսկ եկեղեցու խորանի երկու որմնախորշերն էլ` Գ. Գրիգորյանից սխալ արտագրություն կատարելով, հրամցվում են որպես «պատուհան-որմնախորշեր» (Գրիգորյանի մոտ` պատրհան-որմնախորշեր), ամենևին չմտահոգվելով, որ այդ երկուսը ճարտարապետության մեջ տարբեր դեր ու նշանակություն ունեն և չի կարելի ընթերցողին այսպիսի անգրագիտություն հրամցնել:
6. Սեղանատանը (էջ 12) վերաբերող տեքստում էլ շիլաշփոթով շարադրված է. «Հայտնաբերված ճարտարապետական մանրամասները` խոյակներ, կամարներ, որմնասյուներ, երեսապատման քարեր և այլն» (ընդգծումը- Ա. Ա.): Այստեղ մասնագիտորեն չի տարբերակված, որ կամարներն ու որմնասյուները իրենց հասկացություններով ամբողջական են և չեն կարող դասվել մանրամասների թվում (պարզապես պետք էր նշվեր, որ հայտնաբերվել են նաև կամարի, որմնասյան քարեր, մանրամասներ): Ըստ հեղինակների` 10-րդ էջում էլ գավթի ծածկի թաղն էլ ոչ թե հենված է կամարների վրա, այլ ճիշտ հակառակը` կամարներն են հենված ծածկաթաղի վրա։ Պատմիչ Ստ. Օրբելյանն էլ ոչ թե XIII դ., այլ XII դ. պատմիչ է։
7. 15-րդ էջում ընդամենը մեկ նախադասությամբ ներկայացված աղբյուրի վերաբերյալ նշված է, որ այն «կառուցվել է կավե թրծած խողովակներով»: Իրականում ջուրն է բերվել թրծած կավե խողովակներով:
8. Ոչ մի լուսանկար, հատակագիծ կամ չափագրություն չունի մակագրություն: Չգիտես ինչ հիմքով են հանվել 6 չափագրությունների չափացույցերը: Եթե դա կազմողների համար անկարևոր է, ապա դրանք արխիվային նյութեր են, և ոչ ոք իրավունք չունի բնագրային նման սրբագրումներ կատարելու:
9. Լուսանկարների (հին ու նոր) և չափագրությունների մակագրությունների բացակայությունը սովորաբար իջեցնում է նրանցում առկա տեղեկությունների ընկալումը: Օրինակ, գրքույկի վերջին էջում զետեղված է համալիրի 1960-ական թվականների տեղահանույթային (արխիվային) պլանը, էջի աջ` ստորին մասում` եկեղեցու, գավթի և սյունասրահի հատակագիծը: Առաջինի վրա չկան եկեղեցու չորս ավանդատները և սյունասրահի չորս մույթերը: Իսկ այս ամենը իր արտահայտությունն ունի 2-րդում: Այստեղից էլ այն մակագրության անհրաժեշտությունը, որից ընթերցողը կտեղեկանար, որ 1-ինը կատարվել է հուշարձանախմբի ավերված լինելու` դեռևս չպեղված ժամանակ, և այդ պատճառով էլ վերջիններս էլ իրենց արտահայտությունները չեն գտել այդ հատակագծում:
Ամփոփելով մեր խոսքը այս գրքույկի վերաբերյալ` կարելի է անվարան նշել, որ այն գրագողության ու անհեթեթությունների մի գերեզմանոց է, և գրագողությամբ կրկնվել ու վերստին շրջանառության մեջ են դրվել այլ հեղինակի ինչ-որ ժամանակ թույլ տված սխալները: Նշենք նաև այն, որ Գ. Գրիգորյանը իր բուկլետի անճշտություններն ուղղել է հետագայում տպագրած իր աշխատություններում, որին ծանոթանալու անհրաժեշտությունը ավելորդ են համարել մեր կազմողները: Այսպիսով, այդ գրքույկի կազմողները կրկնել և վերակենդանացրել են դրանք նորովի: Միով բանիվ, հունական հայտնի առակագիր Եզոպոսի խոսքերով ասած` կազմողները և ՊՈԱԿ-ը, անճշտությանը ընկերանալով, դարձել են նրա աշակերտը:
(շարունակելի)
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ